Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Քարոզարշավ. օր տասներկուերորդ. ԵՄ-ի քողարկված մտահոգությունները

Քարոզարշավ. օր տասներկուերորդ. ԵՄ-ի քողարկված մտահոգությունները
17.03.2017 | 12:16

ԵՄ-ը լուրջ ֆինանսական ներդրում է ունեցել այս ընտրությունների օրինականությունն ապահովելու համար, և միանգամայն օրինաչափ է օպերատիվ արձագանքը խորհրդարանական քարոզարշավին: ԵՄ-ը մտահոգված է նախընտրական շրջանում Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում արձանագրված բռնության դեպքերով և իրավապահներից համարժեք գործողություններ է ակնկալում՝ երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Իհարկե, մենք շատ մտահոգված և անհանգստացած ենք, քանի որ, ինչպես ականատես ենք եղել այլ երկրներում, բռնությունը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ: Երբ դու համարժեք չես պատասխանում բռնության առաջին դեպքերին, հետո կարող ես ունենալ շատ վատ իրադրություն, որը դժվար կլինի վերահսկել»,- ընդգծել է ԵՄ դեսպանը: Ի դեպ, վերջինս նաև հինգ ուղերձ է հասցեագրել հայաստանցի ընտրողներին, որոնց իմաստը հանգում է նրան, որ մարդիկ չտրվեն ընտրակաշառքին ու վարչական ռեսուրսի ճնշմանը: Ըստ ամենայնի, Բրյուսելում տեղեկացված են, որ հենց ընտրակաշառքն է հայաստանյան այս ընտրությունների հիմնական գործոնը, որն էլ, ըստ էության, չեղարկում է Ընտրական օրենսգրքի բարեփոխոմները:

Ընտրակաշառք բաժանելու հարցում մեղադրում են նաև Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ին: Համենայն դեպս, այդպիսի կարծիք է հայտնել «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը: Արթուր Բաղդասարյանը ոչ միայն հերքել է այս մեղադրանքը, այլև ինքն է նախահարձակ եղել` Քանաքեռ-Զեյթուն համայնքում պնդելով, թե մարդկանց կաշառում են «երկրից հարուստ մարդիկ»:


Չգիտեմ` արդյո՞ք «երկրից հարուստ մարդ» չափանիշը բնորոշ է Գագիկ Ծառուկյանին, թե ոչ, բայց ընտակաշառքի ու Մուկուչյանի թեման նրան հանգիստ չի տալիս օրեր շարունակ: «Այսօր վախից արդեն Ծառուկյանին ասում են՝ «հանկարծ ժողովրդին բան խոսք չտաս»։ Մեկն օգնության կարիք ունի, մեկը՝ լույսի, մեկը՝ ջրի, մեկը՝ դեղի։ Ասում եմ` «այ մարդ, ես բարեգործ մարդ եմ, էս ժողովրդի ցավը տանեմ»։ Դրա համար հիմա ասում եմ՝ գնացեք թեկնածուների մոտ, ձեր ցավը տանեմ, սա նկարում են, ասում են` «Ծառուկյան, քեզ դատի ենք տալու, որ ժողովրդին ուզում ես օգնես»։ Ասեմ՝ հիմա վախից ինչ են անում»,-երեկ Գյումրիում հայտարարել է Գագիկ Ծառուկյանը, հավելելով, որ ամեն ինչ կփոխվի, երբ նրա դաշինքը հավաքի 50+ ձայներ։ Այլապես ինքը ոչինչ չի կարող անել։


Ջրառատի թեման երեկ ևս հիմնականն էր ՕՐՕ դաշինքի համար: «Ինչ եղավ Ջրառատ գյուղում, դա այդ տղաների՝ իրենց արժանապատվությունը պաշտպանելու և չընկրկելու կյանքի սպառնալիքի առաջ, դրա դրսևորումն է եղել, և դա ողջունելի է»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Վարդան Օսկանյանը` դարձյալ շեշտը դնելով ոչ թե միջադեպի բացահայտման անհրաժեշտության վրա, այլ խրախուսելով բուն բախման փաստը:


Ի դեպ, ՕՐՕ-ն ու նաև «Ծառուկյան» դաշինքն այսօր քարոզարշավ չեն իրականացնի` հարգանքի տուրք մատուցելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նույնպես` ցավակցություն է հայտնել Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ, բայց երեկ Արաբկիրում կենտրոնացել է ընտրողներին հուզող սոցիալական հարցերի վրա: Կարապետյանը նաև նոսթալգիկ պահեր է ապրել` այս համայնքում իր մանկության հուշերի հետ կապված:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ